Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

ԽՍՀՄ առաջին քաղաքացին, ով հանդիպել է Հռոմի պապի՝ Հովհաննես XXIII-ի հետ

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կենսագրությունը լի է նշանավոր մարդկանց հետ հանդիպումներով: Կոմպոզիտորն իր շրջագայությունների ընթացքում բազմիցս հանդիպման առաջարկներ է ստացել համաշխարհային հեղինակություն վայելող մարդկանցից՝ գրողներից, նախագահներից, արքայական ընտանիքներից:

Արամ Խաչատրյանը առանձնահատուկ հպարտությամբ և ջերմությամբ էր հիշում այս հանդիպման մասին. «Վատիկանի շքեղ, վիթխարի շինությունը շլացնող էր, կարծես թանգարան լիներ. ամենուր իտալական վարպետների շքեղագույն քանդակներ ու կտավներ էին: Սրահ մտավ Պապը, մենք գնացինք նրան ընդառաջ: Իսկապես շատ ուրախ ու հուզված էի և ամենայն հետաքրքրությամբ լսում էի ժողովրդական և եկեղեցական երաժշտության վերաբերյալ նրա մտորումները: Հատկապես տպավորիչ էին իմ և հայ արվեստի մասին նրա խոսքերը. «Փոքրաքանակ հայ ազգը մարդկությանը պարգևել է բազում հանճարներ, Արամ Խաչատրյան կոմպոզիտորի երաժշտությունը հոգեհարազատ է բոլորին և համայն աշխարհի հարստությունն է»:

«Հետևե՛ք ոչ թե ձեր վախերին, այլ ձեր հույսերին և երազանքներին: Մտածե՛ք ոչ թե ձեր հիասթափությունների, այլ ձեր դեռ չիրականցված նպատակների մասին: Մի՛ անհանգստացեք նրա համար, ինչը փորձել եք անել և ձախողվել եք, այլ մտածե՛ք այն մասին, թե ինչը դեռ հնարավոր է անել»,- ասել է Հռոմի պապ Հովհաննես XXIII-րդը:

Ընդունելության ավարտին Հովհաննես XXIII-րդը, ի հիշատակ մեր հանդիպման, նվիրեց իր իսկ պատկերով Վատիկանի մեդալը»:

Այդ տարիներին Խորհրդային Միությունն ու Վատիկանը դիվանագիտական կապեր չունեին, և Արամ Խաչատրյանը Խորհրդային Միության առաջին քաղաքացին էր, ում հետ Հռոմի պապը 30 րոպե տևողությամբ զրույց է ունեցել: Նման հանդիպումների ժամանակ սովորաբար միայն Հռոմի պապն է խոսել, սակայն այս մեկը տարբերվել է գեղեցիկ երկխոսությամբ: Ինչպես Խաչատրյանն է վերհիշել հետագայում՝ ինքը շատ տպավորված է եղել Հռոմի պապի արվեստի, նվագախմբերի, երաժիշտների մասին իրեն ուղղված հարցերով:

Դեռ 1960թ.-ին Արամ Խաչատրյանն արժանացել էր Սանտա-Չեչիլիա երաժշտական ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչմանը: Արդեն հարյուրամյակների պատմություն ունեցող ակադեմիայում որպես պատվավոր պրոֆեսորներ ընտրվում էին միայն աշխարհի ամենաճանաչված երաժիշտները: Հենց այդ առիթով էր Արամ Խաչատրյանը 1963թ.-ին այցելել Իտալիա՝ մասնակցելու իր պատվին կազմակերպված հանդիսությանը, ակադեմիայի նախագահ պրոֆեսոր Բուստինին փոխանցել է Հռոմի Հովհաննես XXIII-րդ պապի հետ հանդիպման հրավեր: Խաչատրյանն, իհարկե, միանգամից տվել է իր համաձայնությունը՝ մի քանի օր անց իր տիկնոջ՝ Նինա Մակարովայի հետ հյուրընկալվելով Վատիկանում:

Հովհաննես XXIII-րդը իր մեծ ուրախությունն է հայտնել, որ Խաչատրյանն ընտրվել է ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր և նաև իր հիացմունքը՝ կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության նկատմամբ: Որպես հանդիպման հուշ, մի քանի օր անց Խաչատրյանին հանձնվել է հանդիպմանն արված համատեղ լուսանկարը, որ այժմ պահվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուում:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից