Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

Գրքի տոնին նվիրում ենք «ԳԻՐՔ» և ոչ միայն…

Գրքի տոնին ընդառաջ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը նվիրում է Արամ Խաչատրյան արվեստագետ-քաղաքացուն ճանաչելու ևս մեկ հնարավորություն՝ «Նամականի»:

Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը, մեր բոլոր այցելուներին սպասվում են անակնկալներ.

Սիրելի՜ խաչատրյանասեր,  

…Արի՛ թանգարան, պատասխանի՛ր հարցերին, ստացի՛ր քո նվեր-գիրքը:

Թանգարանի առաջին հինգ այցելուները կունենան նաև անվճար այցելության հնարավորություն:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը նվիրում է՝

Արամ Խաչատրյան

Նամակներ (1928-1978թթ.), հայերեն և ռուսերեն

Այս հրատարակությունը Արամ Խաչատրյանի նամակների առաջին ազատ հրատարակումն է: Լույս է տեսել 1983 թվականին:

Արամ Խաչատրյանին առաջին հերթին ճանաչում ենք որպես մեծ արվեստագետի, որպես հռչակավոր «Սուսերով պար»-ի և «Դիմակահանդես»-ի, «Գայանե» և «Սպարտակ» բալետների հեղինակի, ճանաչում ենք իր Սիմֆոնիաներով, Կոնցերտներով, կինոերաժշտությամբ: Սակայն շատերին է հետաքրքիր, թե նա ինչպիսի հայր էր, ամուսին, ընկեր և բարեկամ, ինչպիսի հետաքրքրություններ ուներ, գեղարվեստական սկզբունքներ, բնավորության գծեր:

Ի՞նչը, եթե ոչ անկեղծ սրտով գրված նամակները կարող են բացահայտել մարդու ներաշխարհի նրբերանգները, հետաքրքրությունները, գեղարվեստական սկզբունքներն ու ձգտումները: Ինքը՝ կոմպոզիտորը, առանձնակի նշանակություն էր տալիս նամակներին և յուրօրինակ խորհուրդ էր տեսնում դրանց մեջ: Խաչատրյանը կարծում էր, որ մեծ արվեստագետների նամակագրությունը կարող է հետագայում ճանաչողական մեծ արժեք ունենալ: Ըստ նրա՝ նամակներում հնարավոր է արտահայտել այնպիսի մտքեր, որոնք չեն ասվի հանպատրաստից և առերես: Նամակները կարող են դառնալ նույնիսկ պատմական փաստաթղթեր: Խաչատրյանը վստահ էր, որ իրենից հետո կհրապարակվեն իր նամակներն ու կներկայացվեն հանրությանը:

Խոսում են նամակները

Ասատուր Գյուզելյան, հուշ-նամականի

Լույս է տեսել 2021 թվականին Երևանում:

Նամակագիրները թե՛ համաշխարհային, և թե՛ հայաստանյան իրականության մեջ գիտության, արվեստի ու այլ ոլորտների ճանաչում ունեցող անհատներն են, որոնց հետ առնչվել է հեղինակը:

Սերտ էին Արամ Խաչատրյանի կապերը լոնդոնաբնակ հասարակական գործիչ, հրապարակախոս, մեծ բարերար Ասատուր Գյուզելյանի և նրա ընտանիքի հետ: «Սիրելի և անմոռանալի Ասատուր». միշտ այսպես էր սկսում իր նամակները՝ ուղղված Գյուզելյանին, ով հետագայում դարձավ տունթանգարանի մեծ բարեկամը: Միշտ լինելով Մաեստրոյի կողքին նրա լոնդոնյան ուղևորության ժամանակ` նա ականատեսն է եղել տարբեր հետաքրքիր իրադարձությունների, որոնց մասին պատմում է իր ժողովածուում:

Արամ Խաչատրյան

Պատկերագիրք, Տիգրան Ժամկոչյան

Լույս է տեսել 1984 թվականին ԱՄՆ-ում: Էքսկլյուզիվ հրատարակություն է:

Պատկերագրքում ներառված են Արամ Խաչատրյանի քիչ տարածում ունեցող լուսանկարներ ընտանեկան արխիվից, հանդիպումներից աշխարհահռչակ երաժիշտների, հասարակական-քաղաքական գործիչների և արվեստագետների հետ:

Երաժիշտ, մանկավարժ Տիգրան Ժամկոչյանը Ամերիկյան համալսարանների պրոֆեսորների ասոցիացիայի անդամ էր, ով կրթություն էր ստացել Վենետիկի կոնսերվատորիայում: Այդ տարիներին նա Վաշինգտոնում ամերիկահայ բարեկամության հիմնադրամի տնօրեն էր, Ֆուլբրայթի ավագ գիտաշխատող:

Գիրքը միտք է ու հոգի: Գիրք նվիրելով` ինքներս մեզ և մեր շրջապատին նվիրում ենք հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր:

Նվիրենք միմյանց գրքեր ու արթուն պահենք մեր մեջ ընթերցողին:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից