Սիմֆոնիա № 1 (e-moll)` գրված 1934 թվականին։
Եռամաս սիմֆոնիան կոմպոզիտորի դիպլոմային աշխատանքն է Նիկոլայ Մյասկովսկու կոմպոզիցիայի դասարանում Մոսկվայի կոնսերվատորիան ավարտելիս։
Սիմֆոնիա № 1 (Արամ Խաչատրյան) | |
---|---|
Ժանր | Սիմֆոնիա |
Կոմպոզիտոր | Արամ Խաչատրյան |
Մասերի քանակ | երեք |
Տևողություն | 42 րոպե |
Ստեղծման տարեթիվ | 1934 թվական |
Առաջնախաղի տարեթիվ | 1935 թվականի ապրիլի 23 |
Առաջնախաղի վայր | Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ |
Հրատարակման տարեթիվ | 1939 թվական |
Տոնայնություն | e-moll |
Հայաստանում երաժշտության պատմության մեջ իր գեղարվեստական արժեքով և պատմական նշանակությամբ համարվում է այս ժանրի առաջին և Արամ Խաչատրյանի խոշոր կտավի անդրանիկ ստեղծագործությունը։
Առաջին սիմֆոնիան Արամ Խաչատրյանը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյա հոբելյանին:
«Առաջին սիմֆոնիան ինձ համար ասոցացվում է Հայրենիքի հետ»:
Արամ Խաչատրյան
Պրեմիերա

Արամ Խաչատրյանի Առաջին սիմֆոնիան որպես դիպլոմային աշխատանք քննության ժամանակ կատարվեց 1934 թվականի հունիսի 11-ին չորս ձեռքի համար դաշնամուրային փոխադրության տարբերակով կոմպոզիտոր Ա.Ստեփանովի և դաշնակահարուհի Նինա Մուսինյանի կողմից։
Արամ Խաչատրյանը Մոսկվայի կոնսերվատորիան ավարտել է գերազանցությամբ և արժանացել բարձր պատվի։ Կոմպոզիտորի անունը ոսկյա տառերով գրված է Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճի մուտքի մոտ գտնվող Պատվո մարմարե տախտակին։
Իրեն սպասեցնել չտվեց նաև Արամ Խաչատրյանի Առաջին սիմֆոնիայի պրեմիերան համերգային դահլիճում։ Սիմֆոնիան առաջին անգամ կատարվել է 1935 թվականի ապրիլի 23-ին Մոսկվայի Կոնսերվատորիայի Մեծ դահլիճում Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայի նվագախմբի կատարմամբ սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար անվանի դիրիժոր Էուգեն Սենկարի ղեկավարությամբ։
Սիմֆոնիայի պրեմիերան իմ կյանքի ամենահիշարժան դրվագներից մեկն է։ Այն ներկայացվեց շատ հանդիսավոր կերպով։ Ունկնդիրները և քննադատները իմ առաջին սիմֆոնիկ ստեղծագործությունը ընդունեցին մեծ ջերմությամբ:
– Արամ Խաչատրյան
1936 թվականի ապրիլի 23-ին՝ Սիմֆոնիայի պրեմիերայից ուղիղ մեկ տարի անց, ստեղծագործությունը հնչում է Լենինգրադի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ գլխավոր դիրիժոր Ֆրից Շտիդրիի ղեկավարությամբ։
1950-ականներին կանգնելով դիրիժորական վահանակին՝ Արամ Խաչատրյանը հաճախ է կատարել իր Առաջին սիմֆոնիան ԽՍՀՄ–ում և արտերկրում իր հեղինակային համերգների ժամանակ։ 60-ամյա հոբելյանի նախաշեմին ժամանելով Երևան՝ Արամ Խաչատրյանը Մարգարիտ Հարությունյանին ուղղված նամակում գրում է՝ «Ուզում եմ կատարել իմ առաջին սիմֆոնիան։ Ես այն Հայաստանին չեմ ներկայացրել։ Այն ընդհանրապես հայտնի չէ Երևանում։ Կարծում եմ, ես ամբողջովին սերել եմ իմ Առաջին սիմֆոնիայից և ոչ միայն…»:
Ինձ համար դժվար է Ձեզ բացատրել սիմֆոնիայի գաղափարը։ Այդ ստեղծագործության մեջ ես կամեցել եմ ցույց տալ մեր կյանքի բերկրանքը, մեր իրականության իմաստնությունը։ Սիմֆոնիայում կան նաև անցյալի տրամադրություններ՝ «տխրություն, տրտմություն, թախիծ», որպես հակադրություն մեր իրականության։
– Արամ Խաչատրյան
Կառուցվածք
Սիմֆոնիան եռամաս է․
- Andante maestoso con passione
- Adagio sostenuto
- Allegro risoluto
Առավել հետաքրքիր և նշանակալից է առաջին մասը, որը բաղկացած է Նախաբանից (Andante maestoso con passione) և սիմֆոնիկ Allegro–ից (Allegro ma non troppo) և վերջաբանից։ Այս ամբողջ մասը, որ լիովին ինքնուրույն է և՛ թեմատիկ բովանդակությամբ, և՛ զարգացման սկզբունքով, կարելի է կոչել սիմֆոնիկ պոեմ Հայրենիքի համար։
Սիմֆոնիայի նախաբանում լսելի են թառի հնչողություն հիշեցնող աշուղական մեղեդիներ։ Արամ Խաչատրյանը ժողովրդական գործիքները նախընտրում էր իրենց բնական հնչողությամբ և հաճախ օգտագործում էր իր ստեղծագործություններում, ինչպես օրինակ՝ կինոերաժշտության մեջ։ Նաև սիրում էր նմանեցնել /իմիտացնել/ ժողովրդական գործիքները այնպես, ինչպես վարվել են շատ հայտնի դասականներ՝ ինչպես օրինակ Իգոր Ստրավինսկին, ում մոտ դա հիանալի էր ստացվում։ Լարայինների և կլարնետի զուգորդումները, որոնք օգտագործվել են Սիմֆոնիայի սկզբում, հիշեցնում են աշուղական և գուսանական մեղեդիներ։ Սակայն Արամ Խաչատրյանը կարծում էր, որ շատ խաչատրյանագետներ խիստ չափազանցնում էին աշուղների դերը իր կյանքում:
Սիմֆոնիայում հստակորեն ընդգծվում է խաչատրյանական սիմֆոնիզմի հիմնական սկզբունքը – թեմատիկ բազմազանության միասնությունը զարգացման մեջ:
– Գեորգի Խուբով
«Ոչ մի ժողովրդական մեղեդի չեմ օգտագործել, սակայն ժողովրդական մեղեդիների ինտոնացիաներ, կտորներ օգտագործված են առատորեն։ Տեղ-տեղ փորձել եմ սիմֆոնիկ միջոցներով հաղորդել արևելյան գործիքների՝ թառի և քյամանչայի հնչողությունը։ Այս սիմֆոնիայում առանձնահատուկ ուշադրություն եմ հատկացրել կոմպոզիտորական տեխնիկային։ Բանն այն է, որ հայ երաժշտության պատմության մեջ դեռևս ոչ մի սիմֆոնիա չի եղել, իմ սիմֆոնիան առաջինն է։ Սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծագործություններ եղել են, օր.՝ Սպենիարովի, Տեր-Ղևոնդյանի, Ստեփանյանի և ուրիշների ստեղծագործությունները, բայց սիմֆոնիան երաժշտական որոշակի ձև է, որն իր օրենքներն ունի։ Սիմֆոնիայում ես ցանկացել եմ մտքեր արտահայտել կոմպոզիտորական բարձրագույն տեխնիկայով։ …Մենք գրում ենք ժողովրդի համար, և մեր ստեղծագործությունները պետք է հասկանալի լինեն ժողովրդին։ Ես կարծում եմ, որ իմ սիմֆոնիան պետք է դուր գա մասսաներին, բայց, ճիշտ է, այն մասսային, որը սիրում է երաժշտությունը և ուզում է դա հասկանալ, իսկ եթե որևիցե մեկը չհասկանա, ուրեմն դեռ չի բավականացնում կուլտուրան, ուրեմն ավելի ուշ կհասկանա։ Չ՞է որ խոշոր պրոբլեմային ստեղծագործությունները գրվում եմ ոչ մեկ-երկու տարվա համար։ Լավ ստեղծագործություններն ապրում են դարերով… Սիմֆոնիան իմ խոշոր և բարդ ստեղծագործություններից մեկն է»։
– Արամ Խաչատրյան,
Ս․Մ․ Մելիք–Ստեփանյանին, 4 հունիսի, 1938 թվական
Սիմֆոնիան գրված է հետևյալ գործիքային կազմի համար՝
Հարվածային գործիքներ
Լարային գործիքներ
- 1 ջութակներ,
- 2 ջութակներ,
- ալտեր,
- թավջութակներ,
- կոնտրաբասեր,
- տավիղ
և դաշնամուրի համար։
Հետաքրքիր փաստեր
- «Լենինգրադում Առաջին սիմֆոնիայի կատարմանը նախորդող գլխավոր փորձի ժամանակ դիրիժոր Ֆրից Շդիտրին դեռ նոր էր բարձրացրել դիրիժորական փայտիկը, երբ նրա քթից սկսեց արյուն հոսել անմիջապես իմ պարտիտուրի վրա. Հետո այն անվանեցին «Արյունոտ Սիմֆոնիա»։ Նա հիանալի կերպով նվագավարեց իմ Սիմֆոնիան»։
- Առաջին սիմֆոնիայի կլավիրի ձեռագիր նոտաները պահպանվում եմ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի ֆոնդերում։ 2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը» գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն ծրագրի Միջազգային ռեեստրում:
Կատարումներ
- Սիմֆոնիա №
1
(Արամ Խաչատրյան)․ կատարում է ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Արամ Խաչատրյանը, Մոսկվայի Կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, ձայնագրությունը՝ 5 հունվարի 1975 թվական; Youtube - Սիմֆոնիա №
1
(Արամ Խաչատրյան)․կատարում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (Armenian National Philharmonic Orchestra) Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ (Արամ Խաչատրյան Մեծ համերգասրահ); Youtube
Սկավառակագրություն
Արամ Խաչատրյանի Առաջին սիմֆոնիայի սկավառակագրության ընդարձակ ցանկին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: