Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

Արամ Խաչատրյանի՝ ազգությամբ հայ աշակերտը՝ կոմպոզիտոր Վլադիմիր Ագոպով

Ազգությամբ հայ ֆինն կոմպոզիտոր Վլադիմիր Ագոպովը (Հակոբյան, ծն. 1953, Լուգանսկ, Ուկրաինա) 1977 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, եղել Արամ Խաչատրյանի (կոմպոզիցիա) և Էդիսոն Դենիսովի (գործիքավորում) ուսանողը:

Արամ Խաչատրյանի դասարանում սովորել է 1972-1977թթ. և եղել Մաեստրոյի վերջին ուսանողներից մեկը: 1978 թվականին տեղափոխվել է Ֆինլանդիա: 1982-2021 թթ. դասավանդել է Հելսինկիի Սիբելիուսի անվան երաժշտական   ակադեմիայում: 1982 թվականից Ֆինլանդիայի կոմպոզիտորների միության անդամ է:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին ուղղված նամակում Վլադիմիրի Ագոպովը կիսվել է իր հիշողություններով Արամ Խաչատրյանի դասարանում սովորելու տարիներից:

– Արամ Իլյիչի դասարանում հինգ տարի սովորելը մեծ երջանկություն էր: Ես մինչ օրս հիշում եմ նրա բազմաթիվ դիտողություններն ու մեկնաբանությունները իմ կամ նրա մյուս ուսանողների ստեղծագործությունների վերաբերյալ: Ես կարող եմ շատ բան գրել և շատ բան պատմել Մաեստրոյի հետ իմ շփման և ուսման տարիների մասին: Մի դեպք կպատմեմ. «Մի անգամ կամերային նվագախմբի համար գրված իմ ստեղծագործությունը բերեցի դասարան։  Արամ Իլյիչը ուշադիր նայեց պարտիտուրան, լսեց որոշ դրվագներ իմ կատարմամբ դաշնամուրի վրա և հետո ասաց. «Վոլո՛դյա, լավ է գրված, ֆորման լավ է, գործիքավորումը ևս, բայց սիրտս չի «քորում»: Այս խոսքերը հավերժ մնացին իմ հիշողության մեջ, և ես իմ յուրաքանչյուր հաջորդ ստեղծագործությունը գրելիս այն հիշում եմ՝ միշտ մտածելով, թե Արամ Իլյիչը ինչպես կարձագանքեր իմ երաժշտությանը,- նշել է կոմպոզիտորը:

Արամ Իլյիչը ցանկանում էր, որ իր աշակերտներից յուրաքանչյուրն ունենա իր անհատականությունը, իր ուրույն ոճը, որ նրանց երաժշտությունն անտարբեր չթողնի ոչ մեկին: 

Ագոպովը Տուն-թանգարանին է նվիրել «Սպարտակ» բալետից «Ադաջիոյի» փոխադրումը ջութակահարների անսամբլի և դաշնամուրի համար /կոմպոզիտոր Վլ.Ագոպով, 2019թ./, իր խտասալիկը՝ թավջութակի կոնցերտի ձայնագրությամբ, ինչպես նաև «Հայ եկեղեցի» թերթը, որտեղ 8-րդ էջում տեղ է գտել վերջինիս հոդված իր արմատների, ստեղծագործական գործունեության և Արամ Խաչատրյանի ստեղծագործական դասարանում ուսանելու տարիների մասին:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից