Հունիսի 6-ը աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հայկական առաջին բալետի, առաջին սիմֆոնիայի հեղինակ, հայ նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։
Խաչատրյանի տուն-թանգարանը ամեն տարի մեծ շուքով է նշում կոմպոզիտորի ծննդյան տարեդարձը: Կոմպոզիտորի ծննդյան 121-ամյա հոբելյանը Տուն-թանգարանում նշվեց ինչպես նոր, այնպես էլ ավանդական դարձած մի շարք միջոցառումներով:
Միջոցառումները սկսվեցին Ա. Խաչատրյանի անվ. 20-րդ միջազգային մրցույթի կազմակերպիչների, ժյուրիի անդամների, պատվավոր հյուրերի մամուլի ասուլիսով, ապա հյուրերը ծանոթացան Տուն-թանգարանի ցուցադրությանը:
Մամուլի ասուլիսով ազդարարվեց Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի մեկնարկը: Բանախոսները ողջունեցին մրցույթի մասնակիցներին, հյուրերին և պատասխանեցին բոլոր հարցերին: Ասուլիսի ավարտին տեղի ունեցավ վիճակահանություն, որի արդյունքում հայտնի դարձավ մասնակիցների ելույթների հերթականությունը: Իսկ երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Խաչատրյանի անվան միջազգային 20-րդ մրցույթի բացման համերգը։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթը անցնում է ջութակի անվանակարգում:
Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում են համաշխարհային հեղինակություն վայելող երաժիշտներ, որոնք մրցութային փուլերի ընթացքում ունկնդրելու են երիտասարդ ջութակահարներին և որոշելու հաղթողներին։ Ժյուրիի կազմը ղեկավարում է անվանի հայ ջութակահար-դասախոս Զոհրաբ Թադևոսյանը։
Տուն-թանգարանից բոլոր ներկաները, նաև Խաչատրյանասերների մի մեծ բազմություն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ խոնարհում և հարգանքի տուրք մատուցելու մեծանուն հային: Ապա Տուն-թանգարանի համերգասրահում տեղի ունեցավ Ա. Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնի գալա համերգը։