Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝

Տուն-թանգարան

«Ուզում եմ ասել, որ ինձ համար շատ դժվար էր թղթի վրա արված գծագրով պատկերացնել ապագա տուն-թանգարանը:
Արտաքինից այն շատ գեղեցիկ էր ու համոզիչ, իսկ ներքին դասավորությունն ու ձևավորումը ավելի դժվար էր պատկերացնել:
Նախագիծն, ընդհանուր առմամբ, ինձ դուր եկավ և ես կուզենայի հաստատել այն …»:

Արամ Խաչատրյան, 29 հունվարի, 1978թ., Մոսկվա

Հայ ժողովրդի մեծ զավակ, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում: Այն ստեղծվել է մարշալ Բաղրամյան պողոտայի և Պլեխանով (այժմ` Զարոբյան) փողոցի հատման հատվածում գտնվող այն առաձնատան հիման վրա, որ 1945 թվականին Արամ Խաչատրյանին նվիրել է Խորհրդային Հայաստանի կառավարությունը: Այն տուն-թանգարանի վերածելու որոշումը կայացվել է 1976 թվականին հուլիսի 21-ին` դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք: Մաեստրոն առիթ է ունեցել ծանոթանալու նաև  ապագա Տուն-թանգարանի շենքի նախագծի էսքիզներին (հեղինակ՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Ալթունյան)՝ նախագծի ալբոմի տիտղոսաթերթին գրի առնելով իր դիտարկումներն ու առաջարկությունները:

Կոմպոզիտորը շատ է սիրել երևանյան իր այս տունը: Հայաստանում գտնվելիս այստեղ է իջևանել, ընդունել հյուրերին և ստեղծագործել: Ի դեպ, Արամ Խաչատրյանի ցանկությունն է եղել, որ իր միակ Տուն-թանգարանը բացվի հենց Երևանում:

Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում:

Տուն-թանգարանը աչքի է ընկնում ճարտարապետական յուրահատուկ կամարաձև ոճով ու ինքնատիպությամբ: Մուտքի ճակատային մասում վեր խոյացող հինգ կամարները կամերտոն են հիշեցնում, իսկ ներքին կամարաձև բացվածքները, դռներն ու սյուները գեղագիտական ոճի և ինքնատիպության հրաշալի օրինակներ են:

Առաջին հարկում Հուշատունն է, ֆոնդադարանը, գրադարանն ու աշխատասենյակները: Ճեմասրահից ոլորապտույտ աստիճանները տանում են երկրորդ հարկ, ուր 10 ընդարձակ և լուսավոր ցուցասրահները նախատեսված են մշտական ցուցադրության համար: Երկրորդ հարկում են նաև ձայնադարանը և համերգասրահը:

Ձայնադարան և գրադարան

Տուն-թանգարանում գործում է նաև Հայաստանում եզակի և հարուստ հավաքածուով ձայնադարան (հավաքածուն ներառում է մոտ 7 հազար խտասալիկ), որտեղ բացի Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից կարելի է ունկնդրել նաև համաշխարհային դասականների ստեղծագործությունները աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ձայնադարանի հիմնադրման նախաձեռնողը կանադահայ Հարմիկ Գրիգորյանն է:

Տուն-թանգարանի գրադարանում ընդգրկված են կոմպոզիտորի գրեթե բոլոր հրատարակված ստեղծագործությունները, հայերեն և օտարալեզու գրականություն, գիտահետազոտական նյութեր և մենագրություններ, որոնք լուսաբանում են կոմպոզիտորի կյանքի հայտնի և անհայտ էջերը:  Տուն-թանգարանը արխիվացնում է նաև հայ և օտարազգի կոմպոզիտորների և երաժիշտների մասին մենագրությունները և նրանց ստեղծագործություններից:

Գրադարանի նյութերից կարելի է օգտվել ընթերցասրահում:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից