Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝

Մշտական ցուցադրություն

Հիմնադրումից մինչև օրս Տուն-թանգարանի ցուցադրությունը շարունակվում է թարմացվել և արդիականացվել, ներդրվել և կիրառվում են տեխնոլոգիական նոր լուծումներ և մոտեցումներ:

Տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը բացվել է 1984 թվականի հունվարի 23 -ին՝ կարծես եզրափակելով աշխարհահռչակ կոմպոզիտորի 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը:

Տուն-թանգարանի հավաքածուից ցուցադրության համար ընտրված նյութերը սրահներում ցուցադրվում են ըստ կոմպոզիտորի կյանքի ժամանակագրության:

Դրանք նախ պատմում են նրա մանկության, պատանեկության մասին, ապա ներկայացվում են ուսումնառությունը, մուտքը երաժշտության մեծ աշխարհ, առաջին ստեղծագործական քայլերը, այնուհետև` ստեղծագործական վերելքի տարիներին ստեղծված սիմֆոնիկ և գործիքային ստեղծագործությունները, դիրիժորական և մանկավարժական գործունեությունը: Կոմպոզիտորը ներկայացվում է նաև իր ժամանակակիցների, քաղաքական- հասարակական գործիչների շրջապատում, իր ապրած ժամանակաշրջանի կարևոր քաղաքական և մշակութային իրադարձությունների կենտրոնում:

Բազմակողմանի են ներկայացված Ա. Խաչատրյանի ստեղծագործության գլուխգործոցները` «Գայանե» և «Սպարտակ» բալետները, նրանց հաղթարշավը աշխարհի տարբեր երկրներում, բեմական հարուստ պատմությունը:

Այցելուների ուշադրությունը գրավում են նաև մշտական ցուցադրության մեջ տեղ գտած, իրենց տեսակի մեջ եզակի, հնաոճ դաշնամուրը և ռոյալը, որոնց վրա 1957 թվականին Հարավային Ամերիկայում հյուրախաղերի ժամանակ նվագել է Արամ Խաչատրյանը: Գործիքները որպես նվեր թանգարանը ստացել է Բրազիլիայից և Արգենտինայից:

Հուշատան եզակի ցուցանմուշներից է նաև Մաեստրոյի անձնական ռոյալը: 

Այս տպավորությունների հուզականությունը լրացվում է թանգարանում ամենուր հնչող երաժշտությամբ:

Թանգարանի ցուցադրությունը շարունակվում է համալրվել մինչև օրս: Հարուստ և շարունակ համալրվող ֆոնդային հավաքածուն դեռ շատ նոր խոսք ունի ասելու Խաչատրյանասերներին: Մեր այցելուն կարող է գալ թանգարան միշտ նորը տեսնելու ակնկալիքով:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից