Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Մարքեթինգի և հանրահռչակման կոմիտեի ամենամյա գիտաժողով
Հոկտեմբերի 24-28, Երևան
Զարգացող մարտահրավերներ
Վերջին 3 տասնամյակում աշխարհում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումները որոշակի ազդեցությունն են ունեցել նաև թանգարանային մշակույթի վրա: Առաջ են եկել բազում խնդիրներ, որոնք, առավել քան երբևէ, արագ և ճկուն արձագանքման անհրաժեշտություն ունեն:
2015թ. հոկտեմբերի 24-28-ը Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Մարքեթինգի և հանրահռչակման կոմիտեն, Հայաստանի ազգային կոմիտեի համագործակցությամբ՝ նախատեսում է Երևանում անցկացնել «Զարգացող մարտահրավերներ» խորագրով գիտաժողով: Այն լավ հնարավորություն կընձեռի մասնագետների ուշադրությունը սևեռելու թանգարաններում նորանոր այցելուների ներգրավմանը, տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների կիրառմանը, թանգարանային ցուցադրություններում հակասությունների մեկնաբանմանն առնչվող տարաբնույթ խնդիրների վրա:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Տեխնոլոգիական զարգացումները թանգարանների համար նոր լսարաններ գրավելու և նրանց հետ առավել արդյունավետ համագործակցելու հնարավորություններ են ընձեռում: Գիտաժողովում քննարկվող թեմաները կնպաստեն տարբեր թանգարաններում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվություն ստանալուն, մասնագիտական փորձի փոխանակմանը, առաջարկներին և սեփական բրենդի ստեղծմանը։
ՆՈՐ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՆԵՐԳՐՈՎՈՒՄ — ՄԻԼԵՆԻԱԼ
Ժամանակակից թանգարանային շուկայավարման գործընթացներում կայացած երիտասարդ մասնագետները փորձում են նոր խոսք, ինքնուրույն հայացք և թարմ գաղափարներ ներմուծել՝ ի նպաստ ոլորտի զարգացմանը։ Մենք կփորձենք այդ խնդիրները դիտարկել նոր սերնդի տեսանկյունից։
ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ , ԲԱՆԱՎԵՃ
Տարբեր թանգարաններում հաճախ հակասություններ են առաջ գալիս ներկայացվող թեմայի, ցուցահանդեսի կամ առաջարկվող ծրագրերի հետ կապված։ Մենք կփորձենք միասին դիտարկել հակասությունը՝ թանգարանային մարքեթինգի և հանրահռչակման տեսանկյունից և գտնել դրանց հաղթահարման ուղիները։
Մանրամասն տեղեկություն ստանալու վերաբերյալ կարող եք այցելել գիտաժողովի կայքէջ http://museumarm.am