Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը կրկին վարում էին միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Արամ Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը և միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը: Ամեն տարի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հատուկ մրցանակ է շնորհում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող մասնակցին: Քանի որ այս տարի մրցույթը անցկացվեց դիրիժորի մասնագիտությամբ` տուն-թանգարանն իր հատուկ մրցանակը ներկայացրեց նոր ուշագրավ ձևով` բացառիկ հնարավորություն ընձեռելով մրցույթի հաղթողներին` պատիվը ունենալու մրցույթի փակման արարողությանը ղեկավարել նվագախումբը մեծ Մաեստրոյի դիրիժորական փայտիկով: Գալա համերգից առաջ Մաեստրոյի փայտիկը նրա տուն-թանգարանի ցուցասրահից տեղափոխվեց Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ և տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը այն հանդիսավորությամբ հանձնեց մրցույթում հաղթած երիտասարդ դիրիժորներին: Հարավկորեացի Ջուն-Սունգ Պարկը և խորվաթ Միրան Վաուպոտիչն այդ անակնկալ մրցանակն ընդունեցին մեծ ակնածանքով և հպարտությամբ: Նրանք Մաեստրոյի ստեղծագործությունները ղեկավարեցին նրա փայտիկով առավել մեծ խանդավառությամբ: Անակնկալը հուզիչ էր նաև նվագախմբի երաժիշտների և հանդիսականների համար: Տուն-թանգարանում պահվող դիրիժորական փայտիկը, մոտ 38 տարի լռելուց հետո, կրկին խոսեց: Համերգից հետո փայտիկը վերադարձավ տուն: