Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը շուրջ չորս հազար այցելու է ընդունել «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում:
Մայիսի 18-ին նշվեց Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը այս տարի ևս այցելուներին ներկայացավ ինչպես ավանդական դարձած, այնպես էլ մի շարք այլ նոր ծրագրերով: Տոնի առթիվ Տուն-թանգարանը հանդես եկավ ինքնատիպ նախաձեռնություններով՝ փորձելով առավել հետաքրքիր դարձնել այցելուների երեկոն և ապահովել մշակութային ջերմ մթնոլորտ:
Այցելուների հոսքը մինչև կեսգիշեր չէր դադարում, ինչը իհարկե շատ ուրախալի էր: Ողջ օրվա ընթացքում Տուն-թանգարանի այցելուները ոչ միայն հնարավորություն ունեցան ծանոթանալու ցուցադրությանը, այլև մասնակցելու բազմաթիվ համերգային և կրթական-ժամանցային ծրագրերի:
Այցելուները մեծ ոգևորությամբ մասնակցեցին նաև պարի ուսուցմանը: «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալակիր Հրաչյա Բադալյանի օգնությամբ Տուն-թանգարանի համերգասրահում մի քանի տասնյակ այցելուներ սովորեցին պարել Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» վալսի ներքո:
Այս տարի հատկապես մեծաքանակ էին փոքրահասակ այցելուները, ինչը Տուն-թանգարանի կարևոր ձեռքբերումներից մեկն է: Նմանօրինակ բոլոր միջոցառումները պլանավորելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև մանկահասակ այցելուների համար ծրագրերի անցկացմանը: Ավանդական դարձած «Հնչյուններ և գույներ» կրթական-ժամանցային ծրագիրը արդեն տարիներ շարունակ անցկացվում է և շարունակում է մեր մանկահասակ, նաև մեծահասակ այցելուների շրջանում պահանջված մնալ:
Որպես երաժշտական թանգարան, անշուշտ, տոնական օրը հագեցած էր բազմաթիվ համերգային ծրագրերով: Ելույթ ունեցան «Դասականը մարզերին» ծրագրի երաժիշտները, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները, երիտասարդ օպերային երգիչները (գեղ. ղեկ. Լ. Ջավադյան), ինչպես նաև Ստ.Ջրբաշյանի դպրոցի փողային համույթի երաժիշտները:
Հիշեցնենք նաև, որ Տուն-թանգարանը շարունակում է տոնել կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանը, որի շրջանակում անցկացված բազմաթիվ հետաքրքիր միջոցառումների և նախաձեռնություններին ավելացավ նաև ինտերակտիվ սելֆի-ֆոտոհայելին, որի օգնությամբ մի քանի ժամ այցելուները ունեին հնարավորություն լուսանկարվել Թանգարանի ցուցասրահներից մեկում և տեղում ստանալ իրենց լուսանկարը՝ «Արամ Խաչատրյան — 120» մակագրությամբ:
Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանների գիշերվա շրջանակում թանգարանները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների ներդրումը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացներում:
Նշենք, որ Թանգարանների միջազգային օրը հիմք է դրվել 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ), իսկ «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: