Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում բացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը, ՀՀ վաստակավոր գործիչ, քանդակագործ Յուրի Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Ցուցադրությանը ներկայացված են բացառապես Հայաստանի ազգային արխիվում պահպանվող հանրությանը քիչ հայտնի արխիվային նյութեր ու փաստաթղթեր՝ Արամ Խաչատրյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ, ընտանեկան լուսանկարներ, Հայաստանի, ինչպես նաև տարբեր երկրների կառավարություններից և մշակութային օջախներից ստացված փաստաթղթեր՝ մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական հաջողությունների և գնահատականների մասին, ինչպես նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում պահպանվող նյութերից՝ կոմպոզիտորի կենսագործունեության վերաբերյալ փաստաթղթեր, անձնական իրեր, ինչպես նաև նրա դիրիժորական փայտիկը և Արամ Խաչատրյանի հուշարձանի էսքիզներից մեկը, որը Տուն֊թանգարանին բոլորովին վերջերս նվիրել էր հուշարձանի հեղինակը` ՀՀ վաստակավոր գործիչ, քանդակագործ Յուրի Պետրոսյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունեց ներկաներին և կարևորեց Հայաստանի ազգային արխիվի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցությունը:
«Շատ ուրախալի փաստ է Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում ներկա գտնվել այս ցուցադրությանը, որն ամբողջացել է Հայաստանի ազգային արխիվի հազվագյուտ նյութերի ու տուն-թանգարանի նմուշների համալրմամբ: Լիահույս եմ՝ համագործակցությունը կլինի շարունակական աշխատանք, և կկարողանանք հանրության համար ևս հասանելի դարձնել արխիվի կարևորագույն նյութերը, որոնք վերաբերում են մեր նշանավոր գործիչներին և մեծագույն հետաքրքրություն են ներկայացնում ինչպես քաղաքացիների, այնպես էլ հետազոտողների համար» ,- ասել է ԿԳՄՍ նախարարը և հույս հայտնել, որ հանրությունը կօգտվի այս առիթից, և ցուցադրությունը կունենա մեծաթիվ այցելուներ:
«Միջոցառման նպատակը Արամ Խաչատրյան անունը, որն աշխարհում ասոցացվում է հայ ժողովրդի հետ, հանրահռչակելն ու առավել ճանաչելի դարձնելն է»,-ասել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը: Նրա խոսքով՝ ցուցադրությունում ներկայացված են բացառապես Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթեր, լուսանկարներ Արամ Խաչատրյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ, Հայաստանի և այլ երկրների կառավարությունների մշակութային օջախներից ստացված փաստաթղթեր մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական հաջողությունների, նրա գործունեությանը տրված գնահատականների վերաբերյալ: Փաստեր կան նաև համերգների, հրավերների, նրա անվամբ մրցույթների անցկացման մասին:
Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 12-ը: