1976թ.-ի դեկտեմբերից – 1977թ.-ի փետրվար ամիսներին Արամ Խաչատրյանը հեղինակային համերգներով հանդես էր գալիս Անգլիայի քաղաքներում:
Մանչեստրում Հալլե նվագախումբը, Լիվերպուլում տեղի սիմֆոնիկ նվագախումբը, Լոնդոնում՝ Արքայական Ալբերտ Հոլում և Արքայական Ֆեստիվալ Հոլում, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, հեղինակի ղեկավարությամբ, հնչեցրին նրա Երկրորդ սիմֆոնիան, սյուիտներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից, Դաշնամուրի կոնցերտը՝ շնորհալի դաշնակահար Նիկոլայ Պետրովի մենակատարմամբ:
Հանդիսատեսը ցնցված էր:Այս կոնցերտը մեծ հաջողություն էր ունեցել Լոնդոնում դեռևս 1954թ-ին՝ Արամ Խաչատրյանի՝ Անգլիայում առաջին համերգային շրջագայության ժամանակ, երբ մենակատարը տաղանդաշատ դաշնակահարուհի Մաուրա Լիմպանին էր:
Լոնդոնաբնակ լուսանկարիչ Սյուզի Մեդերը թանգարանին է նվիրել Խաչատրյանի լոնդոնյան լուսանկարների ներկայացված շարքը: