Открыто: Пн.-Пт. - 11:00-17:00, сб.: 11:00-16:30
Спонсор:
Вернуться ко всем новостям

«Դիմակահանդես». նոր ցուցադրություն Արմենիա Վայն գինեգործարանում

Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի, Հայաստանի գինու պատմության թանգարանի, «Արմենիա Վայն» ընկերության համատեղ ջանքերով Արմենիա Վայնի կոնյակի հնացման մառանում բացվեց Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» ցուցադրությունը:

Ցուցադրությունում ներկայացված է Արամ Խաչատրյանի դիմաքանդակը /քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան/, Արամ Խաչատրյանի դիրիժորական փայտիկը և ձեռագիր նոտաների կրկնօրինակներ:

Արմենիա Վայն և «Արամ Խաչատրյան» անունների կապը երկար պատմություն ունի․ ընկերության մառանում ավելի քան 10 տարի է հնչում են աշխարհահռչկան կոմպոզիտորի մեղեդիները։

իսկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Արմենիա Վայն ընկերության հետ համագործակցությունը սկսվել է դեռ 2022 թվականին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրվանից: Համատեղ բազմաթիվ նոր նախագծեր են շարունակվում քննարկվել և առաջիկայում անպայման կյանքի կկոչվեն:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը ևս կարևորում է այս համագործակցությունը և նշում. «Ուրախ եմ, որ արվեստի այս երկու դրսևորումներից՝ երաժշտություն և կոնյակագործություն, ծնվեց այս գեղեցիկ համագործակցությունը և ցուցադրությունը»:

Երկու թանգարանների միջև կնքված հուշագիրը միայն սկիզբն է․ Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի խոսքով՝ Արմենիա Վայնը  արտադրական գործընթացին զուգահեռ ունի մի շարք ծրագրեր՝ թանգարայնացնելու գործարանի տարբեր հատվածներ և այցելուներին ներկայացնելու Հայաստանն իր ամբողջ հմայքով։

«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ որպես Հայաստանյան մշակութային կարևոր օջախ, անշուշտ, պետք է դառնար մեր մշտական գործընկերը։  «Դիմակահանդես» կոչվող այս գողտրիկ անկյունը հնարավորություն կտա մեր այցելուներին, հյուրերին ու գործընկերներին  ՝ վայելել խաչատրյանական շունչը մեր կոնյակաբույր մառանում»,- նշել է «Արմենիա Վայն» ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը:

Արմենիա Վայն գինեգործարանը վերջին տարիներին տուրիստական սիրելի ուղղություն է դարձել աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած այցելուների համար և այս համագործակցությունը մի նոր գեղեցիկ հնարավորություն է զբոսաշրջիկներին պատմելու Արամ Խաչատրյանի մասին:

Дом-музей Арама Хачатуряна © 2023. Все права защищены. | Разработано в Urban Events