Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի, Հայաստանի գինու պատմության թանգարանի, «Արմենիա Վայն» ընկերության համատեղ ջանքերով Արմենիա Վայնի կոնյակի հնացման մառանում բացվեց Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» ցուցադրությունը:
Ցուցադրությունում ներկայացված է Արամ Խաչատրյանի դիմաքանդակը /քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան/, Արամ Խաչատրյանի դիրիժորական փայտիկը և ձեռագիր նոտաների կրկնօրինակներ:
Արմենիա Վայն և «Արամ Խաչատրյան» անունների կապը երկար պատմություն ունի․ ընկերության մառանում ավելի քան 10 տարի է հնչում են աշխարհահռչկան կոմպոզիտորի մեղեդիները։
իսկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Արմենիա Վայն ընկերության հետ համագործակցությունը սկսվել է դեռ 2022 թվականին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրվանից: Համատեղ բազմաթիվ նոր նախագծեր են շարունակվում քննարկվել և առաջիկայում անպայման կյանքի կկոչվեն:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը ևս կարևորում է այս համագործակցությունը և նշում. «Ուրախ եմ, որ արվեստի այս երկու դրսևորումներից՝ երաժշտություն և կոնյակագործություն, ծնվեց այս գեղեցիկ համագործակցությունը և ցուցադրությունը»:
Երկու թանգարանների միջև կնքված հուշագիրը միայն սկիզբն է․ Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի խոսքով՝ Արմենիա Վայնը արտադրական գործընթացին զուգահեռ ունի մի շարք ծրագրեր՝ թանգարայնացնելու գործարանի տարբեր հատվածներ և այցելուներին ներկայացնելու Հայաստանն իր ամբողջ հմայքով։
«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ որպես Հայաստանյան մշակութային կարևոր օջախ, անշուշտ, պետք է դառնար մեր մշտական գործընկերը։ «Դիմակահանդես» կոչվող այս գողտրիկ անկյունը հնարավորություն կտա մեր այցելուներին, հյուրերին ու գործընկերներին ՝ վայելել խաչատրյանական շունչը մեր կոնյակաբույր մառանում»,- նշել է «Արմենիա Վայն» ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը:
Արմենիա Վայն գինեգործարանը վերջին տարիներին տուրիստական սիրելի ուղղություն է դարձել աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած այցելուների համար և այս համագործակցությունը մի նոր գեղեցիկ հնարավորություն է զբոսաշրջիկներին պատմելու Արամ Խաչատրյանի մասին: