Ս/թ. հունվարի 17-ին, ժամը 11:30-ին «Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում» տեղի ունեցավ թանգարանի արևային ՖՎ կայանի գործարկման պաշտոնական արարողությունը:
«Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագրի շրջանակում իրենց ուժերն են միավորել «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ները: Նախաձեռնությունն ուղղված է աջակցելու հայկական մշակութային ժառանգության օբյեկտին՝ գործելու ավելի կայուն և էներգաարդյունավետ, ապահովելու ֆինանսական կայունություն և դառնալու ավելի գրավիչ այցելուների համար:
Ծրագրի իրականացման արդյունքում խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն մեկ այլ երկարաժամկետ ծրագրի իրականացմանը, մասնավորապես՝ աշխարհահռչակ կոմպոզիտորիստեղծագործությունների նոտաների հրատարակմանը։ Յուրաքանչյուր տարի կհրատարակվի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների մեկական ժողովածու՝ 300 օրինակ տպաքանակով։
Արևային կայանի կառուցման և լուսավության համակարգի աշխատանքներն իրականացվել են հիմնադրամի գործընկեր «Սոլար ԷՅ ԷՄ» ընկերության կողմից։ Ծրագրի շրջանակներում Տուն-թանգարանի տանիքին կառուցվել է 20,71 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, արդիականացվել է թանգարանի լուսավորության համակարգը՝ փոխարինվել են թվով 75 լեդ լամպ։
Հյուրերը շրջեցին Տուն-թանգարանում, ծանոթացան ցուցադրությանն ու թանգարանային նորություններին: Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան «Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագրի ղեկավար՝ Սաթենիկ Պալյանցը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն՝ Իրինա Սեյնալյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի ղեկավար՝ Նատալյա Սարջանյանը, «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի տնօրեն՝ Լուիզա Վարդանյանը և «Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Արմինե Գրիգորյանը:
Հանդիպման ավարտին հանձնվեցին շնորհակալագրեր նախագծի իրականացմանը մասնակից բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպումը ավարտվեց փոքրիկ համերգային ծրագրով և հյուրասիրությամբ:
Ավելին՝ տեսանյութում