1984թ. հունվարի 23-ին այցելուների առջև իր դռները բացեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը:
Արդեն չորս տասնամյակ Տուն-թանգարանն այցելուներ է ընդունում աշխարհի չորս ծայրերից: Այն եզակի մշակութային օջախներից է հանրապետությունում:
Հիմնադրումից մինչ օրս Տուն-թանգարանի ցուցադրությունը շարունակվում է թարմացվել և արդիականացվել, ներդրվում և կիրառվում են տեխնոլոգիական նոր լուծումներ և մոտեցումներ: Հարուստ և շարունակ համալրվող ֆոնդային հավաքածուն դեռ շատ նոր խոսք ունի ասելու խաչատրյանասերներին: Մեր այցելուն կարող է գալ թանգարան միշտ նորը տեսնելու ակնկալիքով:
Տուն-թանգարանի 40-ամյա հոբելյանի կապակցությամբ երկարամյա աշխատանքային գործունեության, անձնվեր աշխատանքի և նվիրումի համար տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին Տուն-թանգարանում մեծ ավանդ ունեցող աշխատակիցները՝ Անահիտ Շահմանյանը, Աննա Ասոյանը, Ռուզաննա Գալստյանը, Ռիտա Շատվորյանը և Ժաննա Մկրտչյանը:


Նշենք, որ Թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին: Այն ստեղծվել է մարշալ Բաղրամյան պողոտայի և Պլեխանով (այժմ` Զարոբյան) փողոցի հատման հատվածում գտնվող այն առաձնատան հիման վրա, որ 1945 թվականին Արամ Խաչատրյանին նվիրել է Խորհրդային Հայաստանի կառավարությունը: Այն տուն-թանգարանի վերածելու որոշումը կայացվել է 1976 թվականին հուլիսի 21-ին` դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք: Մաեստրոն առիթ է ունեցել ծանոթանալու նաև ապագա Տուն-թանգարանի շենքի նախագծի էսքիզներին (հեղինակ՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Ալթունյան)՝ նախագծի ալբոմի տիտղոսաթերթին գրի առնելով իր դիտարկումներն ու առաջարկությունները:
«Ուզում եմ ասել, որ ինձ համար շատ դժվար էր թղթի վրա արված գծագրով պատկերացնել ապագա տուն-թանգարանը:
Արտաքինից այն շատ գեղեցիկ էր ու համոզիչ, իսկ ներքին դասավորությունն ու ձևավորումը ավելի դժվար էր պատկերացնել:
Նախագիծն, ընդհանուր առմամբ, ինձ դուր եկավ և ես կուզենայի հաստատել այն …»:
Արամ Խաչատրյան, 29 հունվարի, 1978թ., Մոսկվա
Արամ Խաչատրյանի ցանկությունն է եղել, որ իր միակ տուն-թանգարանը բացվի հենց Երևանում:


Հիմնադրման առաջին իսկ օրվանից Տուն-թանգարանը ձեռնամուխ է եղել աշխարհի չորս ծայրերից Արամ Խաչատրյանի կյանքին, գործունեությանը և ստեղծագործական հարուստ ժառանգությանը վերաբերող նյութերի հավաքագրմանը: Մինչև օրս թանգարանում հավաքվել և արխիվացվել են ավելի քան 18 հազար թանգարանային առարկա, այդ թվում՝ անձնական իրեր, լուսանկարներ, նամակներ, ձեռագրեր, հրատարակություններ և ինքնագրեր, ազդագրեր, քանդակներ և այլն, որոնցից մոտ 13 հազարը` հիմնական հավաքածուում:



Հիմնական հավաքածուի մաս են կազմում կոմպոզիտորի որդու՝ Կարեն Խաչատրյանի նվիրատվությունները, որոնց թվում՝ Արամ Խաչատրյանի դաշնամուրը, ամառանոցի ննջասենյակի կահույքը, կենցաղային և անձնական իրեր, հագուստ, անձնական արխիվի մի մասը:
Նյութերը նվիրատվության կարգով ստացվել և ստացվում են նաև կոմպոզիտորի բարեկամներից, գործընկերներից, աշակերտներից, նրա արվեստի հայ և արտասահմանցի երկրպագուներից, սփյուռքից:


