Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Եվրոպայի «Ջութակի փոքրիկ արքայադուստր» 17-ամյա Լեա Զուի հանդիպումը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ
Ծագումով Չինաստանից բրիտանացի ջութակահար Լեա Զուն դեռ վաղ հասակից իր բացառիկ տաղանդի և կատարողական վարպետության շնորհիվ գրավել է բազմաթիվ հեղինակավոր փառատոների բեմերը աշխարհի ավելի քան 20 երկրներում:
Տուն-թանգարանում կայացած այս բացառիկ և սպասված հանդիպման ընթացքում Հիմնադրամի կրթաթոշակառուները հնարավորություն ունեցած ջերմ և մտերմիկ մթնոլորտում շփվելու տաղանդավոր ջութակահարուհու հետ: Լեան ոչ միայն սիրով պատասխանեց երեխաների հարցերին, այլև պատմեց իր հաջողության պատմությունը:
Լեան դեռ մի քանի տարի առաջ կատարել է Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»: Նրան շատ հարազատ են Խաչատրյանի ստեղծագործությունները: Նա նաև նշեց, որ շատ է սիրել Հայաստանը: Հանդիպման ավարտին տաղանդավոր ջութակահարուհին հիմնադրամի երեխաների հետ շրջեց Տուն-թանգարանում: Լեան հատկապես տպավորվել էր երաժշտական գրքով, ինչպես նաև VR ակնոցով՝ Մաեստրոյի աշխատասենյակում մասնակիցը դառնալով «Գայանե» բալետի աշխարհահռչակ հատվածներից մեկի՝ «Սուսերով պարի» ստեղծման ընթացքին:
Հանդիպմանը երեխաների կողքին լինելու և ոգևորելու էր եկել նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանը:
Հանդիպման ընթացքում Հիմնադրամի երեխաները պատրաստել էին փոքրիկ երաժշտական անակնկնալ: Նրանք Լեայի հետ միասին կատարեցին Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը:
2022թվականին 15 տարեկանում տաղանդավոր ջութակահարուհի Լեա Զուն ճանաչվել է ամենաերիտասարդ երաժիշտը դաշնակահար Բրյուս Լյուից (25 տարեկան) և դիրիժոր Կլաուս Մյակելյայից (26 տարեկան) հետո, որ ընդգրկվել է Classic FM-ի մինչև 30 տարեկան տաղանդավոր երիտասարդ երաժիշտների ցանկում:
Լեա Զուն Հայաստանում է գտնվում Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգին որպես մենակատար հանդես գալու առիթով, որը տեղի կունենա հունվարի 27-ին՝ ժ․ 19։30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: