2023թ. հունիսի 6-ին լրացավ մեծանուն կոմպոզիտոր, համաշխարհային դասական Արամ Խաչատրյանի 120 ամյակը:
Տարին հոբելյանական էր. բազմաթիվ էին նախագծերը, ծրագրերը, նոր համագործակցությունները, համերգները, նորույթները թանգարանի ցուցասրահներում: Այս առիթով Հայաստանի Հանրային Ռադիոյի «Երաժշտական եռանկյունի» հաղորդման հյուրն էր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Իր խոսքում Տուն-թանգարանի տնօրենը ընդգծեց, որ Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները դեռևս չեն ավարտվել:
Իհարկե տարին հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով և նախագծերով, որոնց շարքում հատկանշական էր Տուն-թանգարանի նախաձեռնությամբ հրատարակված երկու անգլալեզու ժողովածուները, ինչը Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը վերաիմաստավորելու և միջազգայնորեն դիրքավորելու ուղղությամբ կարևոր քայլ էր: