Թանգարանների գիշերը՝ մայիսի 21-ին, ժամը 18:00 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, տեղի կունենա նշանավոր քանդակագործ, խեցեգործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի ծննդյան 100–ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:
Քանդակագործ, խեցեգործ, նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանն անցել է բեղուն ստեղծագործական ուղի: Նրա արվեստի գլխավոր թեման Հայաստանն է, որն արծարծվում է ամենատարբեր արտահայտչամիջոցներով: Նշանավոր արվեստագետն իր ստեղծագործություններում անդրադառնում է հայ ժողովրդական առասպելներին ու ավանդապատումներին, Սայաթ Նովայի, Հովհաննես Թումանյանի պոեզիային, Ավետիք Իսահակյանի քնքուշ ու շռայլ քնարերգությանը, Եղիշե Չարենցի կերպարների կրքոտ աշխարհին:
Վարպետ-արվեստագետն իր ստեղծած աշխատանքներով սերտորեն կապված է հայ նշանավոր գործիչների հետ: 1950-1958թթ. նրա դիմաքանդակների շարքում են` Արամ Խաչատրյանը, Կոնստանտին Սարաջևը, Ավետիք Իսահակյանը, Ստեփան Զորյանը, Զենաիդա Պալլին, Ռուբեն Պարոնյանը և այլոք:
Ինչպես Մարտիրոս Սարյանը` գեղարվեստում, Արամ Խաչատրյանը` երաժշտության մեջ, Ավետիք Իսահակյանը` գրականության մեջ, այնպես էլ Հռիփսիմե Սիմոնյանը կիրառական արվեստում իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի: Նա հայ կիրառական արվեստի հիմնադիրն է, նրա անվան հետ է կապված հայ ժամանակակից դեկորատիվ արվեստի զարգացումը: Հռիփսիմե Սիմոնյանը խեցեգործության վերածննդի նախաձեռնողն ու իրականացնողն է:
Նկարչուհու գործերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններում, Հայաստանի պատմության թանգարանում, Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, «Դաստակերտ Կուսկովո» խեցեգործության պետական թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Սանկտ Պետերբուրգի ազգագրության թանգարանում և այլուր: