Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

«Les chemins de l՛amour | Սիրո ճանապարհներ»

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում մշակութային իրադարձություն էր «Les chemins de l՛amour – Սիրո ճանապարհներ» խորագրով համերգը, որը տեղի ունեցավ ապրիլի 26-ին, ժամը՝ 19։00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում։ Իսկ ու՞ր տարան ունկնդրին սիրո այդ ճանապարհները։ Իհարկե՝ Ֆրանսիա։ Համերգի ծրագրում[1] առավելապես ընդգրկված էին ֆրանսիացի կոմպոզիտորների  կամերային վոկալ ստեղծագործությունները, ինչը հնարավորություն տվեց տեղափոխվելու 19-20-րդ դարեր՝ ֆրանսիական երաժշտության ծաղկման շրջան, որը հարուստ էր իր նորարարական և ազդեցիկ ուղղություններով։ Համերգի վերջում հնչեցին նաև հայ կոմպոզիտորների գործեր, որոնք առավել վառ ընդգծեցին երկու երկրների միջև առկա մշակութային կապերը։

Ընտրված ժանրը՝ կամերային երաժշտությունը, ամենախորը անձնական մտքերն ու զգացմունքներն արտահայտելու լավագույն միջոցներից մեկն է։ Այն թույլ է տալիս սերտ կապ հաստատել բանաստեղծական տեքստի և երաժշտության միջև, իսկ կատարողական փոքր կազմը թույլ է տալիս ազնիվ և ջերմ երաժշտական երկխոսություն ստեղծել ոչ միայն կատարողների, այլև նրանց և ունկնդրի միջև։ Մտերմիկ մթնոլորտ էին ստեղծում և սիրո ճանապարհներով մեզ ուղեկցում էին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը /մեցցո-սոպրանո/ և երիտասարդ շնորհալի կատարողներ Աննա Գաբրիելյանը /սոպրանո/, Լիանա Սիմոնյանը /սոպրանո/ և Տաթև Թադևոսյանը /սոպրանո/։ Երաժշտականության, կատարողական և բեմական վարպետության, անսամբլային մտածողության, ֆրանսերենի տիրապետման, բանաստեղծական տեքստի ընկալման և մատուցման, ժանրային, ոճային զգացողության և անմիջականության շնորհիվ կատարողները լավագույնս ներկայացրին կամերային վոկալ ժանրը՝ ունկնդրին փոխանցելով ֆրանսիական-հայկական երաժշտության և պոեզիայի, ինչպես նաև բեմական արվեստի գեղեցկությունն ու խորությունը։ Այս ամենի կողքին ավելացնենք նաև բառերի հստակ արտաբերումը կատարողների կողմից, որն երաժշտական ստեղծագործության ամբողջական ընկալման հարցում կարևոր նշանակություն ունի։

Այն պատկերը, որն այսօր ունենք, մասնավորապես երիտասարդների շնորհալիությունն ու նվիրումը, շատ խոստումնալից է, և լիահույս ենք, որ Հայաստանում վոկալ կամերային երաժշտության կատարողական մակարդակը ժամանակի ընթացքում կշարունակի զարգացման իր աստիճանական ընթացքը։

Մշակութային այս իրադարձության թե՛ ծրագրի ընտրությունը, թե՛ կատարողական բարձր մակարդակը, թե՛ ֆրանսիական և հայկական պոեզիայից մեջընդմիջվող ընթերցումները, թե՛ վիրտուալ ճամփորդությունը դեպի Ֆրանսիայի թանգարաններ և թե՛ կատարողների խոսքն ու զրույցը ունկնդրի հետ նպաստեցին համերգի հուզական մթնոլորտի ստեղծմանը՝ դարձնելով այն անմոռանալի։

Ուրախությամբ պետք է նշել նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Աննա Մայիլյանի, նրա ուսանողների պատասխանատու և որակյալ համագործակցությունը, որն եղել և մնում է շարունակական։

Սոֆյա Խաչատրյան

Երաժշտագետ (ԵՊԿ-ի մագիստրոս, առաջին կուրս )


 

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից