Վերջերս ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աննա Մայիլյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Արծվիկ Դեմուրչյանի նախաձեռնությամբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում կայացավ «Հայրենիքիս» խորագրով համերգ՝ նվիրված 20-րդ դարի բանաստեղծ Ավետիք Իսահակյանի 150-ամյակին։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Ա․ Մայիլյանի և նրա ուսանողների ավանդույթ դարձած համագործակցությունն այս անգամ ընդլայնել էր իր կատարողական կազմը։ Բեմում էին նաև Ա․ Դեմուրչյանը և իր ուսանողները[1]։
Այդ երեկո երկու տարբեր սերունդների կողմից վերաարժևորվեցԱվ․ Իսահակյանի պոեզիան և դրանից ծնված բազմաբովանդակ երգ-ռոմանսների արդիականությունն ու կարևորությունը՝ բոլոր ժամանակների թե՛ կոմպոզիտորական, թե՛ վոկալ-կամերային արվեստի զարգացման հարցում։
Հայկական երգ-ռոմանսի անցած ուղին համակողմանի ներկայացնող համերգային ծրագրում[2] ընդգրկված էին 20-21-րդ դարերում ստեղծագործող կոմպոզիտորների գործերը։ Ուշագրավ և կարևոր էր ծրագրում Հենրիկ Անասյանի, Հարություն Մեհրաբյանի, Ալան Հովհաննեսի և Ազատ Մանուկյանի՝ այսօր հազվադեպ կատարվող երգ-ռոմանսների ընդգրկումը, որն իրավամբ նոր շունչ հաղորդեց երգացանկին՝ օրինակ ծառայելով նոր սերունդի կատարողների համար։
Նշելի է նաև երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Նարինե Ավետիսյանի բովանդակալից ներկայացնողական խոսքը, որն ավելի ամբողջական և ինֆորմատիվ դարձրեց երեկոն։
Եվ ամենախորհրդանշականը, որ անհատի ներաշխարհն ու հոգեկան ապրումներն արտացոլող այդ երաժշտաբանաստեղծական գործերը հնչեցին բանաստեղծի կողմից սիրված կոմպոզիտոր, վերջինիս ընկեր-բարեկամ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի պատերի ներսում․․․
Սոֆյա Խաչատրյան
Երաժշտագետ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գիտական հետազոտող
[1] Ա․ Մայիլյանի դասարան՝ Մարիա Դավթյան, Շուշան Այվազյան, Ալեն Նազարյան, Դոնարա Ադամյան, Գայանե Բաղդասարյան, Լիանա Սիմոնյան, Դավիթ Շախուլյան, Մարիա Խաչատրյան, Մարգարիտա Օքրոյան։
Ա․ Դեմուրչյանի դասարան՝ Պոլինա Արգուտինսկայա-Դոլգոռուկայա։
Նվագակցողներ՝ Էլեն Կիրակոսյան և Նաիրա Հակոբյան։
[2] Ն․ Գալանտերյան – «Արազին», «Տոթը այրեց։ Շուշիկ ջան»; Հ․ Գրիգորյան – «Աշնան ծաղիկներ», «Արևի ոսկին», «Հեզ աչեր»; Է․ Միրզոյան – «Երազ տեսա»; Է․ Աբրահամյան – «Էյ, դու ջահել, հպարտ հասակ», «Ես երգիչ եմ», «Հայրենիքիս»; Հ․ Ստեփանյան – «Սարի սրին»; Գ․ Ալեմշահ – «Ծաղիկ էի»; Հ․ Անասյան – «Սերս քամեմ»; Վ․ Բալյան – «Ինչու՞, ինչու՞», «Կուզե՞ս, լինիմ»; Դ․ Ղազարյան – «Քույր իմ նազելի»; Հ․ Մեհրաբյան – «Գնչուի երգը»; Ա․ Հովհաննես – «Արարատի ծեր կատարին»; Է․ Հակոբյան – «Սիրուն աղջիկ»; Գ․ Չթչյան – «Կուզե՞ս, լինիմ»; Ա․ Մանուկյան – «Ձմեռն անցավ»; Տ․ Մանսուրյան – «Լեռների վրա ձյունել է»։










