Վերջերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ «Շոստակովիչ 120» խորագրով համերգ-ցուցադրություն, որը լոկ երաժշտական իրադարձություն չէր, այլ խորհրդանշական տուրք երկու արվեստագետների երկարամյա ազնիվ բարեկամությանը: Համերգի ծրագիրը[1] ներկայացրեց Դ. Շոստակովիչի ժանրային բազմազանությունը, ոճական առանձնահատկությունները, իր ժամանակներում ոչ այդքան ընդունելի լայնախոհությունը, և վերջապես մտածողի ներքին աշխարհի բազմաշերտությունն իր հակադիր բևեռներով հանդերձ: Այս ամենը լիարժեք փոխանցվեց ունկնդրին շնորհիվ կատարողականկազմի տպավորիչ կատարման. Խաչատրյանի անվան տրիո` Արմինե Գրիգորյան /դաշնամուր/, Կարեն Շահգալդյան /ջութակ/, Կարեն Քոչարյան /թավջութակ/, ինչպես նաև հրավիրյալ երաժիշտներ` Սոնա Բարսեղյան /դաշնամուր/, Հայկ Տեր-Հովհաննիսյան /ալտ/ և Օվսաննա Հարությունյան /ջութակ/: Կատարումներից յուրաքանչյուրն իր հերթին յուրովի էր և հետաքրքիր: Սակայն ցանկանում ենք առանձնացնել համերգի վերջին` Դ. Շոստակովիչի թիվ 2 տրիոյի կատարումը:
[1] Կվինտետ դաշնամուրի և լարայինների համար; Դաշնամուրային պիեսներ` չորս ձեռքի համար; Տրիո No 2, մի մինոր:


Ինչպես գիտենք, 1944 թվականին գրված այս ստեղծագործությունը, որը հեղինակը նվիրել է իր մոտ ընկերոջ` երաժշտագետ Իվան Սոլերտինսկու հիշատակին, համարվում է 20-րդ դարի կամերային երաժշտության գլուխգործոցներից մեկը: Իր ողջ բարդությամբ այն իսկական մարտահրավեր է կատարողների համար: Անձնական կորուստ, համամարդկային ողբերգություն, ցավ, հեգնանք, սարսափ. ահա հուզական այն հսկայական դիապազոնը, որն արտահայտելու համար կատարողներից պահանջվում է ձայնարտադրության տարբեր միջոցների փայլուն տիրապետում, անսամբլային բացարձակ մտածողություն, փիլիսոփայական հայեցողություն և պատրաստակամություն: Առավել քան մեծ է պատասխանատվությունը, քանի որ համաշխարհային ճանաչումից և բազմաթիվ կատարումներից զատ նաև կա ձայնագրություն (1946), որը թույլ է տալիս լսել ստեղծագործությունը հենց հեղինակի` Շոստակովիչի /դաշնամուր/, Դավիթ Օիստրախի /ջութակ/ և Միլոս Սադլոյի /թավջութակ/` բոլոր ժամանակների կոմպոզիտորական և կատարողական արվեստի փայլուն ներկայացուցիչների կատարմամբ: Եվ այսօր հետքրքիր է լսել այդ ստեղծագործության մեկնաբանումը մեր ժամանակակիցների կողմից: Չնայած նրան, որ ստեղծագործությունը գրվել է 82 տարի առաջ, այնուամենայնիվ շատ աղերսներ ունի ներկայիս իրականության հետ և վերջինիս ընդգրկումը ծրագրի մեջ, կարծում ենք, պատահականություն չէր: Առհասարակ, Շոստակովիչի աշխարհը, երաժշտությունը, մտածողությունը, գեղագիտական հայացքները հասկանալն ու մեկնաբանելը շատ բարդ է և պատասխանատու: Բայց Խաչատրյանի անվան տրիոյի յուրօրինակ կատարումն իր ողջ խորությամբ և բազմաշերտությամբ կարողացավ ոչ միայն ներգրավել անհատին երաժշտության մեջ, այլև մոռանալ ժամանակի և տարածության մասին, մեկնաբանել թե’ մասերից յուրաքանչյուրում թե’ ողջ ստեղծագործության մեջ թաքնված գաղափարախոսությունը` պատերազմների արհավիրքները, անձնական, համամարդկային ցավը և անհատի բախումը` կյանքի ու մահվան հետ:



Ամեն բան ավելի տպավորիչ և կենդանի էր դառնում շնորհիվ դահլիճում ցուցադրվող լուսանկարների[1], որոնք կոմպոզիտորի կյանքի, ինչպես նաև Խաչատրյանի հետ ունեցած ընկերության ամենավառ պահերի ու փուլերի տեսանելի արտահայտումն էին:
Նշելի է, որ հունվար ամսին արդեն Կրասնոյարսկում Դ. Շոստակովիչի հոբելյանին նվիրված փառատոնի շրջանակներում Խաչատրյանի անվան տրիոյի և Կրասնոյարսկի նվագախմբի մենակատարների կատարմամբ հնչեցին 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտոր-բարեկամներ` Ա. Խաչատրյանի և Դ. Շոստակովիչի ստեղծագործությունները: Իսկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ կայացավ նաև վերոնշյալ ցուցահանդեսի բացումը:
Դ. Շոստակովիչի ու Ա. Խաչատրյանի բարեկամությունը հայտնի է գրեթե ողջ աշխարհին: Մարդկային և հատկապես արվեստի պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ նույն ժամանակաշրջանի և ոլորտի երկու մեծագույն արվեստագետներ ձևավորում և պահպանում են այնպիսի ջերմ ու անշահախնդիր ընկերություն, ինչպիսին որ Ա. Խաչատրյանինն ու Դ. Շոստակովիչինն էր: 41 տարվա այդ բարեկամությունը սկիզբ առավ 1934 թվականի ամռանը, Մոսկվայի կայարանում` պատահական հանդիպումից: Այդ ժամանակ է, որ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ Լևոն Աթովմյանն (1901 – 1973) իր կողքին կանգնած երիտասարդ Շոստակովիչին ասում է. «Ծանոթացեք` Խաչատրյան – Շոստակովիչ»[2]` ակամա դառնալով նրանց բարեկամության կապող օղակը:
Դ. Շոստակովիչի և Ա. Խաչատրյանի մասին գրված բազմաթիվ հուշեր բացահայտում են երկուսին բնորոշ մի շարք գծեր` մարդասիրություն, հայրենասիրություն, դրամատիկականություն ու դասականություն, որոնք ժամանակին նպաստել են բարեկամության ամրապնդմանը: Իսկ միմյանց ուղղված նամակներից և հոդվածներից ակնհայտ է դառնում նրանց բարեկամության հիմքում ընկած փոխադարձ սերն ու հարգանքը` անձի և արվեստի նկատմամբ:
Դ. Շոստակովիչին ուղղված նամակում Խաչատրյանը գրել է. « … Ես շնորհակալ եմ ճակատագրից այն բանի համար, որ ընկերացել եմ քեզ և քո ժամանակակիցն եմ: Շնորհակալ եմ քեզանից այն բանի համար, որ դու քո արտակարգ ստեղծագործությամբ անհասանելի բարձրության հասցրիր սովետական երաժշտության մակարդակը: Մենք բոլորս ձգտում ենք հասնել քեզ, չնայած դա անհնար է: Դու մեր առաջնորդն ես, և ցանկանում ես, թե ոչ, դու մեզ տանում ես քո հետևից: Քո պատմական առաքելությունը հսկայական է: Ռուսական սովետական սիմֆոնիզմի պատմության մեջ, հասկանալով այն իբրև խոր փիլիսոփայական կատեգորիա, քեզ հատկացված կլինի ամենապատվավոր տեղերից մեկը, դրանով իսկ ամբողջ երաժշտության պամության մեջ դու կզբաղեցենես և արդեն զբաղեցրել ես քո արժանի տեղը: Քո վիթխարի վարպետությունը, քո անկրկնելի հսկայական տաղանդը, քո երաժշտական մտքերի խորությունը, ծայրաստիճան օրիգինալ մտածողությունը` դրանք քո այն արտասովոր հատկություններն են, որոնք ճանաչված են ամբողջ աշխարհում: Երբ լսում եմ քո երաժշտությունը, իմ մեջ ցանկություն է առաջանում ստեղծագործել, քո երաժշտությունը գրգռում է իմ ստեղծագործական երևակայությունը, ստիպում է մտածել, նրա մեջ կուտակված են հսկայական մարդկային կրքեր, խելացի մտքեր, անկրկնելիորեն կազմակերպված հնչյունների ծով, երկաթյա տրամաբանություն, բախումներ, և այդ բոլորը ցեմենտված է քո դրամատուրգիական տաղանդի հսկայական ուժով ...»[3]:
Իսկ Ա. Խաչատրյանի մասին հոդվածում կարդում ենք հետևյալը. « … Այո, մեծ է Արամ Խաչատրյանի ավանդը մերօրյա երաժշտության մեջ: Դժվար է գերագնահատել նրա արվեստի նշանակությունը խորհրդային և համաշխարհային երաժշտական մշակույթի համար: Նրա անունը լայն ճանաչում է ձեռք բերել ինչպես մեզ մոտ` երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: … Երբ խորհում ես արվեստի այս բացառիկ երևույթի պատճառների ու հիմքերի մասին, հասկանում ես, որ դրա արմատները հեղինակի տաղանդի, նրա ազգային հողի, նորարարական ձգտումների և, միաժամանակ, դասական ավանդույթներին հավատարմության երջանիկ համադրության մեջ են: Ահա այն գծերը, որոնք թույլ տվեցին Արամ Խաչատրյանի արվեստին դառնալ իսկապես միջազգային սեփականություն, անցնել երկրների ու մայրցամաքների սահմանները: … Ինձ համար բերկրանք է լինել այս մեծ արվեստագետի և հիասքանչ մարդու բարեկամն ու ժամանակակիցը: Երաժշտության բոլոր սիրահարների և երաժիշտների հետ միասին ես երախտապարտ եմ նրան այն խնդության համար, որը նա այդքան առատորեն պարգևում է մեզ` իրեն և իր երաժշտությունը սիրողներիս»:[4]
Նրանց մահից անցել են տասնամյակներ, բայց մինչ օրս նրանց երաժշտությունը հնչում է աշխարհի տարբեր անկյուններում` շատ հաճախ միևնույն համերգային ծրագրերում: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ պատերի ներսում ևս հնչել է և կհնչի Արամ Խաչատրյանի և Դմիտրի Շոստակովիչի երաժշտությունը, եղել են և կլինեն նրանց ծննդյան հոբելյանին նվիրված երեկոներ` պահպանելով նրանց հավերժական բարեկամությունը:
Սոֆյա Խաչատրյան
Երաժշտագետ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գիտական հետազոտող
[1] Լուսանկարները պատկանում են Արամ Խաչատրյան տուն-թանգարանի հավաքածուին:
[2] Шнеерсон Г., Арам Хачатурян: Страницы жизни и творчества. Из бесед с Г. М. Шнеерсоном. М., «Советский композитор», 1982. Стр . 152.
[3] Խաչատրյան Ա., Դ. Դ. Շոստակովիչին: Նամականի: Եր., «Հայաստան» հրատ., 2017: Էջ 125-126:
[4] Шостакович Д., «Праздничное искусство». «Советская музыка», 1973, N 6.




