Խաչատրյանի անվան եռյակ (անգլ.՝ Khachaturian Trio), հիմնադրվել է 1999 թվականին որպես «Արսիկա»։ 2008 թվականից եռյակը կրում է հայ անվանի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի անունը։
2006 թվականից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ)։
Խաչատրյանի անվան եռյակը համերգներով հանդես է եկել Վիեննայի (Musikverein), Համբուրգի (Laiezhalle), Լայպցիգի (Gewandhaus), Մյունխենի (Gasteig – Philharmonie) Լոնդոնի (Quen Elizabeth Hall), Տոկիոյի (Suntory Hall), Տորոնտոյի (Koerner Hall) և այլն: Տրիոն մասնակցել է միջազգային հռչակավոր փառատոնների. Կոստա Ռիկայում (Festival de las Artes), Մեքսիկայում (Festival International Cervantino), Համբուրգում (“Russiche Kammermusikfest”), Մալթայում (Malta International Music Festival) և այլն:
Կատարումներով հանդես է եկել Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Բուլղարիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Չեխիայում, Մալթայում, Մոլդովայում, Լեհաստանում, Մերձբալթյան երկրներում, Մերձավոր Արևելքում, ԱՊՀ երկրներում, Ռուսաստանում, Հայաստանում, Արցախում և այլն:
Խաչատրյանի անվան պետական քառյակը հիմնադրվել է 1982 թվականին Երևանում, ջութակահար և ալտահար Զարեհ Սահակյանցի կողմից: Քառյակի ղեկավարը 1985 թվականից հանդիսացել է Արտաշես Մկրտչյանը։ Քառյակը մասնակցել է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում, Աֆրիկայում տեղի ունեցած մի շարք միջազգային երաժշտական փառատոների։
2004 թվականին քառյակը վերակազմավորել է ալտահար Վաչե Հովեյանը, որը նաև հանդիսացել է քառյակի գեզարվեստական ղեկավարը։ Քառյակի կազմում տարբեր տարիներին հանդես են եկել հայաստանյան տարբեր ճանաչված երաժիշտներ: Քառյակը Հայաստանում հանդես է եկել փառատոների ու համերգների ժամանակ, հյուրախաղերով շրջագայել է Մերձավոր Արևելքում, Կիպրոսում, Իտալիայում և այլ երկրներում։