Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

Արամ Խաչատրյանի և Սալվադոր Դալիի հանդիպման առեղծվածը. նման հանդիպում իրականում չի եղել

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հերքում է երկու արվեստագետների հանդիպման մասին այդ զավեշտալի պատմության ճշմարտացիությունը:

«Մեծանուն մարդկանց կյանքի և գործունեության հետ սովորաբար կապված են լինում ինչ-ինչ հորինված պատմություններ: Դրանցից մեկն էլ կապված է Արամ Խաչատրյանի անվան հետ: Ռուս գրող, հրապարակախոս Միխայիլ Վելլերի հեղինակած Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպման պատմությունը տարիներ շարունակ շրջանառվում է: Սակայն փաստերն ապացուցում են, որ նման հանդիպում իրականում տեղի չի ունեցել»

Ըստ շրջանառվող պատմության՝ Խաչատրյանն Իսպանիայում ցանկություն է հայտնում հանդիպելու Դալիի հետ: Նկարիչը սիրով ընդունում է այդ առաջարկը և կոմպոզիտորին հրավիրում իր տուն: Խաչատրյանը ստիպված է լինում նախասրահում մի քանի ժամ սպասել Դալիին: Հանկարծ շատ բարձր հնչում է Խաչատրյանի «Սուսերով պարը» և երկարակոթ խոզանակը հեծած բոլորովին մերկ, գլխավերևում սուսեր ճոճելով, ներս է մտնում Դալին: Երբ երաժշտությունն ավարտվում է, Դալին անհետանում է այն դռների հետևում, որից մտել էր, իսկ սպասավորը Խաչատրյանին ասում է, որ ընդունելությունն ավարտված է: Նրան հանձնում են հոլանդական տպագրությամբ Դալիի շքեղ ալբոմը, որպես անմոռանալի հանդիպման նվեր, որից հետո կոմպոզիտորին նստեցնում են մեքենա և հասցնում հյուրանոց:

Հանդիպման առասպել լինելը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հիմնավորում է մի շարք փաստարկներով: Այն բազմաթիվ երկրների ցանկում, որտեղ եղել է Խաչատրյանը, Իսպանիան բացակայում է: Այնինչ, ըստ այդ պատմության՝ նրանց հանդիպումը տեղի է ունեցել հենց այդ երկրում: Տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հարցը քննարկել է նաև կոմպոզիտորի որդու՝ Կարեն Խաչատրյանի հետ, ով ևս կտրականապես հերքել է պատմության ճշմարիտ լինելը: Բացի այդ, նմանատիպ հանդիպումների մասին մշտապես տեղեկություններ են տրվում, սակայն այս հանդիպման վերաբերյալ ոչ մի հիշատակում չկա ոչ մամուլում, ոչ էլ նրա անձնական նամակներում:

Մի քանի տարի առաջ պատմության ճշմարտացիությունը պարզելու համար Տուն-թանգարանին դիմել են նաև Իսպանիայի Սալվադոր Դալիի թանգարանից: Նույն հարցով Դալիի թանգարանին ևս շատ են դիմել, և իրենք ևս փորձել են ճշտել՝ հանդիպումն արդյոք կայացել է: Պատմության հնարավոր հակափաստարկ է նաև այն, որ Դալիի թանգարանում ևս ոչ մի փաստարկ, տեղեկություն չկա այդ մասին: Ինչպես նշված է պատմության վերջում՝ հանդիպումից հետո այդ լուրը տարածվել է ողջ մամուլում: Սակայն եթե այդպիսի տեղեկություններ լինեին, Դալիի թանգարանը կտեղեկանար իսպանական մամուլի արխիվից: նկարչի թանգարանի հետ նաև պայմանավորվածություն են ձեռք բերվել՝ պատմության վերաբերյալ ցանկացած փաստի ի հայտ գալու դեպքում փոխանակվել դրանով: Սակայն այս տարիների ընթացքում ոչ մի տեղեկություն Դալիի թանգարանից չի ստացվել:

Խաչատրյան-Դալի հանդիպման առասպել լինելու ամենաարժանահավատ աղբյուրը թերևս պատմության հեղինակը՝ Միխայիլ Վելլերն է. նա ևս անձամբ հերքել է այն՝ ասելով, որ հենց ինքն է հորինել.

Այս թեմայով թե՛ լրագրողները, թե՛ թանգարանի այցելուները շատ են հետաքրքրվում: Թանգարանն ունի ճանաչված մարդկանց հետ Խաչատրյանի հանդիպումներին նվիրված սրահ, որտեղ այցելուների ամենահաճախ տրվող հարցերը վերաբերվում են հենց այս պատմությանը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից