Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ամփոփեց հոբելյանական տարին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ամփոփեց հոբելյանական տարվա իր գործունեությունը:

Բամաթիվ էին հոբելյանական տարվա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնություններն ու ծրագրերը: Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների լայնածավալ և բազմաժանր ծրագիրը ներառում էր համերգներ, հյուրախաղեր, հրատարակություններ, գիտաժողովներ, ցուցադրություններ, դասախոսություններ, ֆիլմեր, հեռուստա և ռադիո հաղորդումներ, թանգարանային նորամուծություններ, ֆոնդային համալրումներ և այլն: Տարվա ընթացքում իրականացվել է ավելին, քան նախատեսված էր: Շատ էին նաև այնպիսի հետաքրքիր նախաձեռնություններն ու համագործակցությունները, որոնք պլանավորված չէին, սակայն անցկացվեցին տարվա ընթացքում:

Որպես տարվա ամփոփում նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվեց Տուն-թանգարանի երկարամյա վաստակաշատ տնօրեն, Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի, պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը, ում ավանդը և ջանքերը մեծ էին հոբելյանական տարվա միջոցառումները նախաձեռնելու, կազմակերպելու և իրականացնելու գործում: Պատվոգրերով են պարգևատրվել նաև Տուն-թանգարանի երկարամյա ավագ գիտաշխատողներ՝ Լենա Միսակյանը և Տատյանա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հանձնաժողով, որի նախագահն էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հոբելյանական հանձնաժողովը ստացել էր տարբեր գաղափարներ և առաջարկներ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի մասին, այնուհետև, դրանք մանրամասն քննարկելով, հաստատել է վերջնական ծրագիրը, որում ներառված էին 21 հիմնական միջոցառումներ, որոնց մի մասը պետք է իրականացվեր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի կողմից:

Համերգներ և հյուրախաղեր

Արամ Խաչատրյանի անվան տրիոյի հետ համագործակցությամբ տեղի են ունեցել շուրջ 75 համերգներ աշխարհի 11 երկրներում, այդ թվում՝ Արգենտինայում, Ուրուգվայում, Հունաստանում, Իտալիայի 3 քաղաքներում, Իրանում, ԱՄՆ-ում, Ղազախստանի Ալմաթի, Աստանա քաղաքներում, Չինաստանի 7 քաղաքներում, Բելգիայում, ՌԴ-ի 25  քաղաքներում, Երևանում և ՀՀ մարզերում: Համերգները ուղեկցվել են Տուն-թանգարանի տնօրենի զեկուցումներով, Տուն-թանգարանի նյութերից ցուցադրություններով, եղել են ասուլիսներ, հոդվածներ թերթերում:

Տնօրեն Արմինե Գրիգորյանը մասնակցել է Պերմ քաղաքի երաժշտական դպրոցը Ա. Խաչատրյանի անունով կոչելու հանդիսավոր արարողությանը:

Միջազգային գիտաժողովներ.

Կազմակերպվել են երկու միջազգային գիտոժողովներ, այդ թվում՝ «Ա. Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրով միջազգային գիտաժողովը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հետ համատեղ, ակադեմիայի նիստերի դահլիճում, որին մասնակցել են 9-ը երկրների (Հայաստան, ՌԴ, Ուկրաինա, ԱՄՆ, Լատվիա, Լիբանան, Նիդերլանդներ, Շվեդիա, Գերմանիա) առաջատար և երիտասարդ հետազոտողներ: Հաջորդ միջազգային գիտաժողովը իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի հետ համատեղ և կրում էր «Ես եվրոպացի հայ եմ» խորագիրը:

Տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը զեկուցումով հանդես է եկել Մոսկվայում Ել. Գնեսինայի թանգարանի կազմակերպած «Ուսուցիչը և աշակերտը» գիտաժողովում, իսկ Տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Լենա Միսակյանը «Интермузей-2024»-ում է ներկայացրել է Տուն-թանգարանի կրթական ծրագրերը:

Ցուցադրություններ

Համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ՝ Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություններ են բացվել՝ Ա. Բաբաջանյանի անվ. համերգասրահում, Հայաստանի ազգային արխիվում, Հայաստանի գինու պատմության թանգարանում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Ուլյանովսկում, Լոնդոնում, Բրազիլիայում, Տյումենում, Պերմում, Մոսկվայում, Եկատերինբուրգում, ՀՀ մարզերում և Տուն-թանգարանում:

Հրատարակություններ

Հրատարակվել են՝ «Արամ Խաչատրյան. Նամակներ» ժողովածուի անգլերեն տարբերակը (հովանավոր՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ և ԱՄՆ-ի HI AM կազմակերպություն), «Արամ Խաչատրյան» անգլերեն պատկերագիրքը (ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհ), ձայնային մանկական ժողովածուն («Արևիկ» հրատարակչություն), «Արամ Խաչատրյան. ուսումնասիրություններ» ճապոներեն գիրքը (Ճապոնիայի Zen On հրատարակչություն):

Ֆիլմեր

Տուն-թանգարանի տրամադրած նյութերով և տնօրեն Արմինե Գրիգորյանի մասնակցությամբ տեսաֆիլմեր են նկարահանվել ռուսական «Կուլտուրա», ֆրանսիական «Մեցցո» հեռուստաալիքների կողմից, ինչպես նաև՝ «Արտե» ֆրանսգերմանական (ֆրանսիական «Elephant Adventures» ընկերության «Invitation au voyage» բացահայտողական ծրագրի շրջանակներում), «Փարթներ ֆիլմ» ընկերությունների (Արամ Խաչատրյան. «Սուսերով Պար» ֆիլմ), «Արտիս Ֆուտուրա» միջազգային ֆոնդի կողմից («Արամ Խաչատրյան. Հայտնի և անհայտ» ֆիլմաշար՝ 9 մասով):

Հեռարձակվել են հաղորդումներ Հ1, Արմենիա և այլ հեռուստաալիքներով:

Նորամուծություններ թանգարանում և նոր           համագործակցություններ

Թանգարանի մշտական ցուցադրությունում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում ՝ QR կոդեր, որոնց միջոցով այցելուները կարող են լսել և դիտել երաժշտական բացառիկ ձայնագրություններ, վիրտուալ իրականության օգտագործմամբ (VR ակնոց) հետևել կոմպոզիտորի «Սուսերով պար»-ի ստեղծմանը, հպազգայուն տեսադարանի միջոցով՝ առավել մանրամասն ծանոթանալ Ա. Խաչատրյանի կինոերաժշտությանը: Տուն-թանգարանի ֆոնդային հավաքածուն հարստացել է մի շարք արժեքավոր ցունանմուշներով:

«Կասպերսկի» կազմակերպության հովանավորությամբ ստեղծվել է տուն-թանգարանի նոր կայքը: Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում կոմպոզիտորի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը:

«Գուրմե Դուրմե» շոկոլադի տան հետ համագործակցությամբ արտադրվել են շոկոլադ – հուշանվերներ:

Տուն-թանգարանում տեղի են ունեցել համերգներ Հայաստանի և արտերկրի երաժիշտների մասնակցությամբ՝ նվիրված Արամ Խաչատրյանի հոբելյանին:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հոբելյանական տարվա ընթացքում ամբողջությամբ անցել է արևային էներգիայի սնուցման և խնայված միջոցներով կհրատարակի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ժողովածուները:

Տուն-թանգարանի կողմից պատրաստված եռալեզու (հայերեն, վրացերեն, անգլերեն) հուշատախտակը տեղադրվել է Թբիլիսիի այն տան պատին, որտեղ անցել է Ա. Խաչատրյանի մանկությունն ու պատանեկությունը:

Տուն-թանգարանը շարունակում է իր ակտիվ գործունեությունը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից