Ուրուգվայի ամենահեղինակավոր համերգասրահում՝ Սոլիս թատրոնում, տեղի ունեցավ աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ:
Այս բացառիկ համերգի շրջանակներում ՀՀ դեսպանությունը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ, Սոլիս թատրոնում ներկայացրեց նաև Արամ Խաչատրյանի՝ 1957 թ. Ուրուգվայ կատարած այցի լուսանկարների ցուցահանդես:
Տուն-թանգարանի բարեկամ, Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն Դիեգո Կարամանուկյանի ջանքերով Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի առիթով հրատարակված անգլալեզու պատկերագիրքը հանձնվեց Ուրագվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանին և Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիային:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացած այս համերգի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Ալվարո Հակոբյանի ղեկավարությամբ, ներկայացրել է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը: Երեկոյի ընթացքում Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են նաև Արամ Խաչատրյանի հանրահայտ այլ ստեղծագործություններ, այդ թվում՝ ‹‹Դիմակահանդես››-ի վալսը, ‹‹Զանգեզուրի քայլերգը››, ‹‹Գայանե›› բալետից հատվածներ և այլն:
ՀՀ դեսպանության հրավերով՝ համերգին ներկա են գտնվել նաև Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության և այլ պետական գերատեսչությունների աշխատակիցներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Համերգին հետևած ընդունելության ընթացքում դեսպան Մարիամ Գևորգյանը շնորհակալագրերով է պարգևատրել դաշնակահար Հայկ Մելիքյանին և դիրիժոր Ալվարո Հակոբյանին՝ Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունն Ուրուգվայում լավագույնս ներկայացնելու համար: